Ըստ orer.eu-ի՝ Նիդերլանդների Օվերեյսել մարզի խորհրդարանը 2014 թ. հուլիսի 2-ի նիստում ընդունել է բանաձև, որտեղ արտահայտված է խորհրդարանի դիրքորոշումը անցած հունիսի մեկի թուրքական կազմակերպությունների բողոքի ցույցի հանդեպ, որն ուղղված էր Ալմելոյի հայկական եկեղեցու սեփական բակում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ: Այդ ցույցի ընթացքում եղել են հայ ժողովրդի հասցեին անարգալից, զրպարտչական և վիրավորական արտահայտություններ, որտեղ կոպտորեն հերքվել է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը, որ ներկայացրել են Քրիստոնեական միություն (CU), Բարեփոխված քաղաքական կուսակցություն (SGP), Ազատության համար կուսակցություն (PVV) և Քրիստոնյա դեմոկրատական կոչ (CDA) խմբակցությունների պատգամավորները, վկայակոչում է 1915-1918 թթ. Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն մարդկանց (հայերի, ասորիների և պոնտացի հույների) գազանաբարո ջարդերը:
Բանաձևը հրաժարվում է ցեղասպանությունը ժխտողների բողոքի ցույցից և հայտնում է, որ ընդունում է Հայոց ցեղասպանությունը, անդրադառնալով 2004 թ. Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևին: Սրանով մարզային խորհրդարանը հայերին ազդանշան է տալիս, որ նրանք իրավունք ունեն ունենալու իրենց զոհերի ոգեկոչման արժանի վայր:
2014 թ. հունիսի 1-ի թուրքական հանրահավաքի արտահայտությունների դեմ համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը) անցած շաբաթ գանգատ են ներկայացրել Նիդերլանդների իրավապահ մարմիններին: